Հայաստանի հարևան պետություններ

Վրաստան
Վրաստան, պաշտոնական անվանումը մինչև 1995 թվականը՝ Վրաստանի Հանրապետություն։ Ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում։ Արևմուտքում Վրաստանի ափերը ողողում են Սև ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հարավ-արևմուտքում՝ Թուրքիային, հարավում՝ Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Թբիլիսին է, որը նաև երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Զբաղեցնում է 69 700 կմ² տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Թուրքիա
Թուրքիա, միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հարավարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Անատոլիայում, իսկ մի փոքրիկ հատված նաև Հարավարևելյան Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու վրա Թուրքիան աշխարհիկ, ունիտար և նախագահական հանրապետություն է, որն ունի բազմամշակութային մեծ ժառանգություն։ Սահմանակից է ութ երկրների հետ․ հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային, հյուսիս-արևելքում՝ Վրաստանին, հարավում՝ Իրաքին և Սիրիային, իսկ արևելքում սահման ունի Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Թուրքիայի ափերը երեք կողմերից շրջապատված են ծովերով։ Արևմուտքում ափերը ողողում են Եգեյան, հյուսիսում՝ Սև, իսկ հարավում՝ Միջերկրական ծովերի ջրերը։ Թուրքիայի սևծովյան նեղուցները՝ Բոսֆորը և Դարդանելը, բաժանում են Թրակիան Անատոլիայից, ինչպես նաև Եվրոպան Ասիայից։

Ադրբեջան
Ադրբեջան, պաշտոնական անվանումը՝ Ադրբեջանական Հանրապետություն։ Իքնիշխան պետություն Հարավային Կովկասում՝ Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի սահմանագծին։ Արևելքում ափերը ողողում են Կասպից ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հյուսիս-արևմուտքում՝ Վրաստանին, արևմուտքում՝ Հայաստանին և Արցախի Հանրապետությանը, իսկ հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որպես էքսկլավ, հյուսիսում և արևելքում շրջապատված է Հայաստանով, հարավում և արևելքում սահմանակցում է Իրանին, իսկ հյուսիս-արևմուտքում ձգվում է շուրջ 10 կմ երկարությամբ սահմանը Թուրքիայի հետ։

Իրան
Իրան, նաև հայտնի որպես Պարսկաստան, պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն, ինքնիշխան պետություն Արևմտյան Ասիայում։ Ավելի քան 81 միլիոն բնակչությամբ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է։ 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը՝ աշխարհում։ Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին։ Երկիրը գտնվում է Եվրասիայի և Արևմտյան Ասիայի կենտրոնում, իսկ Հորմուզի նեղուցը երկրին տալիս է աշխարհաքաղաքական մեծ կարևորություն։ Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը։